Ոսկեվազում ելակի բերքը չորանում է. գյուղացիները բողոքում են (լուսանկարներ)
Արդեն հինգերորդ օրն է՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի հողատարածքները չեն ջրվում և սա առաջացրել է գյուղացիների վրդովմունքը. Tert.am-ին պատմեց գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: Գյուղացիները հավաքվել էին գյուղապետարանի դիմաց՝ ներկայացնելու իրենց բողոքը:
Գյուղապետը պատմեց, որ ոռոգման ջրից զրկվել են, քանի որ ջրագիծն էին վերանորոգում, խողովակն էր վնասվել: Խոսք էին տվել երկու օրից ավարտել, բայց արդեն հինգերորդ օրն է , խնդիրը լուծված չէ: Ըստ նրա՝ խնդրին տեղյակ են և՛ մարզպետարանը, և ջրային տնտեսության Փարպիի մասնաճյուղի պատասխանատուները՝ «Ասել են այսօր ջուրը բացելու են»:
Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ գյուղը ջուր է ստանում Շամիրամ ջրանցքից. «Մի խողովակով ենք միայն ջուր ստանում, եթե հիմա ջուր էլ տան, տարածքների կռիվ էլ կգնա, չգիտենք՝ ինչպես պետք է անենք՝ ո՞ր տարածքը ջուր տանք, ո՞րը չտանք»:
Ըստ նրա՝ գյուղացիները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու. «Այսօր հացի խնդիր է Ոսկեվազում. բոլորն էլ գիտեն, որ ելակի սեզոն է, իսկ ելակը Ոսկեվազում է աճում, և այս պահին չորանում է բերքը: Հիմա մարդիկ կռիվ են անելու, թե ով պետք է ջրի»:













