Դանիայում գտել են վիկինգների՝ պատմության մեջ ամենախոշոր ոսկյա գանձերը
Դանիայում երեք սիրողական հնագետներ Յութլանդիայի հարավային մասերից մեկում հայտնաբերել են վիկինգների ժամանակաշրջանի յոթ ապարանջան՝ մեկն արծաթյա, վեցը՝ ոսկյա, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Կոպենհագենի Ազգային պատմամշակութային թանգարանին:
Գտածոները թվագրվում են 900-ական թվականներին (X դար), ընդհանուր առմամբ կշռում են 900 գրամ ու արդեն ճանաչվել են Դանիայի պատմության մեջ ամենախոշոր ու բացառիկ գտածոն։
«Այդպիսի ապարանջաններից թեկուզ մեկը գտնելն արդեն իսկ շատ բան կնշանակեր, առավել ևս առանձնահատուկ է յոթը գտնելը», - կարծում է Կոպենհագենի Ազգային թանգարանի՝ վիկինգների դարաշրջանի մասնագետ Փիթեր Պենցը։
Նրա գործընկեր Լարս Գրունդվադի խոսքով՝ նույն վայրում, որտեղ կատարվել է վերջին հայտնագործությունը, 1911 թվականին հայտնաբերվել է 97 գրամ քաշով ոսկյա շղթա, ու դրա հիման վրա կարելի է ենթադրել, որ ապարանջաններն ու շղթան իրար հետ կապ ունեն։
Սիրողական հնագետները, մեկնաբանելով իրենց բացառիկ գտածոն, խոստովանել են, որ միանգամից չեն կարողացել հավատալ կատարվածի իրականությանը։
«Մենք իսկապես զգացինք, որ ոսկի ենք գտել, երբ հայտնաբերեցինք առաջին ապարանջանը, բայց ամեն ինչ սկսեց անիրական թվալ, երբ ի հայտ եկան մնացածները», -պատմել է Մարի Ագորդ Լարսոնը, ով գանձերը հայտնաբերել է իր ամուսնու և ընտանիքի ընկերոջ հետ։










