Օռլանդոյի հրաձիգը հարձակման ժամանակ նախազգուշացրել է ԱՄՆ-ում նոր ահաբեկչությունների մասին

11:24 • 16.06.16

Ամերիկյան Pulse միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած Օմար Մատինը հարձակման ժամանակ հասցրել է իր ֆեյսբուքյան էջում մի քանի հրապարակում անել։ Այդ մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ Սենատի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոն Ջոնսոնը՝ նշելով, որ հանցագործն իր վերջին գրառման մեջ նախազգուշացրել է մոտ օրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ԱՄՆ-ում նորանոր ահաբեկչական ակտերի իրականացման մասին։

 

Ջոնսոնի խոսքով՝ հունիսի 12-ին Մատինն իր գրառման մեջ դատապարտել է ԻՊ-ին ուղղված օդային հարձակումներն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կողմից։

 

Ինչպես նշում է Հետաքննությունների դաշնային բյուրոյում հեռուստաալիքի աղբյուրը, Մատինը պատանդներ վերցնելիս կատարել է մոտ 16 հեռախոսազանգ։ Ողբերգության ականատես Փեյշենս Քարթերը հայտնել է Մատինի զանգի մանրամասները։ Նրա խոսքով՝ Մատինը հեռախոսազանգի ընթացքում խոստովանել է ԻՊ-ի հանդեպ իր հավատարմության մասին ու հայտնել, որ նման քայլի է դիմում, որպեսզի «ԱՄՆ-ն դադարեցնի ռմբակոծել իր երկիրը»։

 

Հիշեցնենք, որ օրերս Օմար Մատինը զինված հարձակում է կատարել Օռլանդոյի միասեռականների ակումբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 50 մարդ,  իսկ 53-ը՝ վիրավորվել։ Միջադեպի վայրում ոստիկանները սպանել են Մատինին ու ազատել պատանդներին։

 

Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպությունը՝ հայտնելով, որ միասեռականների ակումբի վրա հարձակված անձն իր մարտիկներից է եղել։

 

 

Օռլանդոյի հրաձիգը հարձակման ժամանակ նախազգուշացրել է ԱՄՆ-ում նոր ահաբեկչությունների մասին