Շվեյցարիայում ձերբակալվել է «օֆշորային սկանդալի» կենտրոնում հայտնված Mossack Fonseca-ի աշխատակիցը

08:43 • 16.06.16

Շվեյցարիայում ձերբակալվել է պանամական Mossack Fonseca ընկերության ՏՏ բաժնի աշխատակիցը: Այդ ընկերության փաստաթղթերը հիմք էին դարձել պանամական «օֆշորային սկանդալի» համար:


Ինչպես փոխանցում է BBC-ն, աշխատակիցը ձերբակալվել է ընկերության ժնևյան գրասենյակում: Նա մեղադրվում է անձնական տվյալներին հասանելիություն ստանալու, տվյալները գողանալու և իր պարտականությունները խախտելու համար:


Ներկայում դեռևս հայտնի չէ` կապվա՞ծ են արդյոք այս մարդու գործողություններն ապրիլին ընկերության փաստաթղթերի արտահոսքի հետ, որոնցում ներառված էին մի շարք պետությունների նախկին և ներկա ղեկավարներ:

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։


Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

Շվեյցարիայում ձերբակալվել է «օֆշորային սկանդալի» կենտրոնում հայտնված Mossack Fonseca-ի աշխատակիցը