Ուկրաինան արդեն երկու տարի է ՀՀ-ում դեսպան չունի.սպասում են նոր նշանակման
Ուկրաինան Հայաստանում արդեն երկու տարի է արտակարգ և լիազոր դեսպան չունի: 2014 թվականի հուլիսին աշխատանքից ազատված Իվան Կուխտային փոխարինող դեռ չի նշանակվել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցն ասաց, որ դեսպանի նշանակման հարցը քննարկման փուլում է . «Որոշված է` Իվան Կուխտան հեռացվել է և այլևս դեսպան չէ: Հարցը կարգավորվում է, սպասում ենք նոր նշանակման»:
Հարցին, թե կա՞ հստակ ժամանակահատված, թե երբ ՀՀ-ում կնշանակվի Ուկրաինայի դեսպանը, դեսպանատան աշխատակիցն ասաց, որ դա կախված է Ուկրաինայի նախագահի որոշումից և այլ մանրամասների իրենք չեն տիրապետում:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանում Ուկրաինայի՝ արդեն նախկին դեսպան Իվան Կուխտան հետ էր կանչվել Կիև` խորհրդակցությունների: Պատճառն այն էր, որ Ուկրաինան իր դժգոհություն էր հայտնել Հայաստանին` նույն` 2014 թվականի մարտի 27-ին Հայաստանը ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայում Զիմբաբվեի, Սուդանի, Բելառուսի և այլ երկրների հետ, ընդհանուր թվով՝ 11 երկիր, 100 «կողմ» քվեարկածների դիմաց «դեմ» է քվեարկել Ուկրաինական բանաձևին՝ իր աջակցությունը հայտնելով Ռուսաստանի դիրքորոշմանը:
2014 թվականի հուլիսին Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվեց հայտարարություն, համաձայն որի` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել էր ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի Իվան Կուխտային:










