ՌԴ-ում ոչնչացվել է Ուկրաինայից բերված մոտ 40 տոննա ելակ (լուսանկարներ)
ՌԴ Կրասնոդարի երկրամասում անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 38 տոննա քաշով ելակի երկու խմբաքանակ, որոնք կեղծ փաստաթղթերով ներմուծվել են Ռուսաստան, հաղորդում է Корреспондент.net լրատվամիջոցը՝ հղում անելով գործակալության մամուլի ծառայությանը։
Նախօրեին 19,5 տոննա քաշով առաջին խմբաքանակը հայտնաբերվել է «Կովկաս» նավահանգստում։ Որոշ փաթեթների նկարագրության մեջ նշված է եղել, որ ծագման երկիր է հանդիսանում Մակեդոնիան, սակայն կից բուսասանիտարական փաստաթղթերում նշված է եղել Իրանը։
Ապրանքի առավել մանրամասն զննման արդյունքում պարզվել է, որ այն արտադրվել է Ուկրաինայում, իսկ կարանտինային բուսասանիտարական հսկողության ակտը կեղծ է։ Որպես բեռն ընդունող՝ նշված է եղել մոսկովյան մի ընկերություն, իսկ որպես վերջնակետ՝ Սիմֆերոպոլ քաղաքը։
Նույն օրն Իլյիչ գյուղում հայտնաբերվել է ուկրաինական ելակի երկրորդ խմբաքանակը, որը պետք է նույնպես Սիմֆերոպոլ փոխադրվեր։














