Դատարանը Սեֆիլյանին կալանավորեց երկու ամսով

21:02 • 22.06.16

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը երկու ամսով կալանավորվեց: Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը և Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանքը: Այս մասին Tert.am-ին ասաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի զենք, զինամթերք պահելու համար։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ Սեֆիլյանը ծրագրեր է զինված խմբավորությունների միջոցով շենքեր ու հեռուստաաշտարակը գրավել:

«Այս պահի դրությամբ միայն զենքի հոդվածով է իրենց մեղադրանք առաջադրված, ուրիշ ոչ մի հոդվածով առաջադրված չէ, եթե ապացույց ունենային՝ շենքեր գրավելու, հեռուստաաշտարակ գրավելու առթիվ և դա ճիշտ լիներ, այդ մասով ևս իշխանության յուրացման փորձի համար մեղադրանք կառաջադրվեր Սեֆիլյանին»,-ասաց փաստաբան Արա Զաքարյանը։

Նա նաև նշեց.«Ես կարծում եմ՝ այդ ամենն ասվել է մեկ նպատակ հետապնդելով՝ հնարավորինս վարկաբեկել Ժիրայր Սեֆիլյանի անունը»: