Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Եվրամիությունից դուրս գալու հարցով հանրաքվեն
Մեծ Բրիտանիայում այսօր՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ին, բացվել են Եվրամիությանը թագավորության հետագա անդամակցության ճակատագրի հարցով հանրաքվեի քվեարկության համար ընտրատեղամասերը, գրում է The Independent-ը:
Տեղամասերն աշխատելու են մինչև կեսգիշեր, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Հանրաքվեի մասնակիցները (մոտ 47 միլիոն ընտրող) պետք է պատասխանեն հարցին. «Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության կազմում»:
Սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք հրապարակվել են քվեարկության նախօրեին, ցույց են տվել Եվրամիության կազմում թագավորության պահպանման աջակիցների գերակշռությունը:
Համաձայն հունիսի 22-ին Times թերթի պատվերով YouGov սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն դեմ է բրիտանացիների 51 տոկոսը, կողմ՝ 49 տոկոսը: Ընդ որում՝ YouGov-ի անցկացրած նախորդ հարցումը ցույց է տվել Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու աջակիցների գերակշռությունը:










