Մարկ Ցուկերբերգը Ղազախստանի լրագրողների միության մրցանակին է արժանացել
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ղազախստանի լրագրողների միության մրցանակին է արժանացել «Համացանցային նախագիծ» անվանակարգում, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով միության տարածած հաղորդագրությանը։
Ղազախստանում ԶԼՄ-ների աշխատակիցների մասնագիտական տոնին ընդառաջ Լրագրողների միությունն ըստ ավանդույթի ամփոփել է հանրապետական ստեղծագործական մրցույթի արդյունքները, և ղազախ լրագրողների հետ մեկտեղ մրցանակի է արժանացել Մարկ Ցուկերբերգը։
«Ցուկերբերգն արժանացավ մեր մրցանակին տարբեր երկրների օգտատերերին մեկ տեղեկատվական հարթակում միավորող սոցիալական ցանց ստեղծելու համար»,- նշել է Новости-Казахстан գործակալությունը։
Գործակալությունը հիշեցնում է, որ 2014 թվականին միության մրցանակին է արժանացել սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր, ավստրալացի լրագրող Ջուլիան Ասանժը, իսկ 2015-ին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։










