Հռոմի պապի այցով պայմանավորված՝ Երևանի և Գյումրիի հյուրանոցներում գրեթե ազատ տեղ չկա

20:22 • 23.06.16

Հռոմի պապի այցի շրջանակներում հանրապետության գրեթե բոլոր, մասնավորապես, Գյումրիի և Երևանի հյուրանոցներում ազատ տեղ չկա, ամրագրված են նաև հյուրատները. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմհոթելս» հյուրանոցների տեղերի ամրագրման համակարգի տնօրեն Աշոտ Նազարյանը՝ ավելացնելով, որ համակարգն աշխատում է Հայաստանի գրեթե բոլոր հյուրանոցների հետ, շուրջ 300 հյուրանոցներ:

«Այս օրերի համար բավական շատ հյուրանոցների տեղերի ամրագրումներ ունենք, իսկ Երևանի և Գյումրի հյուրանոցներում տեղ չկա»,- ասաց նա:

Նշենք, որ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հետ Հայաստան կժամանի նաև ավելի քան 3000 ուխտավոր:

Աշոտ Նազարյանը նշեց, որ կա իրադարձային տուրիզմ հասկացությունը և այս դեպքում Հռոմի պապի այցելությունն այդ տուրիզմի տեսակի դասական ձևերից է: Նա օրինակ բերեց անցյալ տարի SOAD-ի համերգը, երբ մասնակցելու եկան շատ զբոսաշրջիկներ, մասնավորապես Վրաստանից:  

Աշոտ Նազարյանի խոսքով՝ Հռոմի պապի այցից հետո էլ դեռևս զբոսաշրջիկների ներհոսք ենթադրվում է, որ կլինի: «Իհարկե, հաշվի առնելով, որ գալիս են միջազգային շուրջ 600 լրագրողներ, և համաշխարհային մամուլն այս օրերին Հայաստանի մասին է խոսելու,  բնականաբար իր ազդեցությունը կթողնի, որպեսզի զբոսաշրջիկները գան Հայաստան, միանշանակ դրական ազդեցությունը թողնելու է»,-ասաց նա: 

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այցը բացի քաղաքական մեծ նշանակությունից՝ զուտ տնտեսական իմաստով բավական մեծ օգուտներ կբերի երկրին:

«Միջին հաշվով, եթե հաշվի առնենք, որ մեկ զբոսաշրջիկը մեկ այցի ընթացքում ծախսում է 700-800 դոլար, նշանակում է Պապի այցի ընթացքում հայաստանյան մասնավոր ընկերությունները՝ հյուրանոցներ, ռեստորաններ և այլն, մի քանի միլիոն դոլարի եկամուտ կարող են ստանալ»,-ասաց նա:

Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ հետագայում էլ Պապի այցը կարող է օգտագործվել՝ գովազդի տեսանկյունից, որպեսզի մարդիկ հետաքրքրվեն և այցելեն Հայաստան:

«Ընդհանրապես զբոսաշրջության համար որպես գովազդ առաջին քրիստոնյա երկրիր ուխտագնացության մասին հայտարարությունն արդեն բավական նշանակալից է: Այդ կարգախոսով քարոզչական լոզունգ կարելի է ապահովել, ինչպես շատ երկրներ են իրենց երկիրը գովազդում, ինչպես օրինակ՝ Ճապոնիան իրեն կոչում է ծագող արևի երկիր, այնպես էլ Հայաստանի դեպքում կարել է դարձնել հիմնական կարգախոս»,-ասաց նա:

 

 

 

 

Հռոմի պապի այցով պայմանավորված՝ Երևանի և Գյումրիի հյուրանոցներում գրեթե ազատ տեղ չկա