Պետք է հիմնվել պաշտոնական հայտարարության, ոչ թե ինչ-որ մեկի խեղաթյուրված մեկնաբանությունների վրա. Զախարովան Մամեդովի հայտարարության մասին
Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ադրբեջանական կողմի փորձն է սեփական ձևով մեկնաբանել ձեռքբերված պայմանավորվածությունները: Այդ մասին հունիսի 23-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է regnum.ru-ն:
Մարիա Զախարովան բարձրաձայնել է «կոլեկտիվ խնդրանք» ղեկավարվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ-Պետերբուրգում հանդիպման արդյունքներով և որը նա հատուկ մեջբերել է: Մյուս բոլոր հայտարարությունները Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչն անվանել է հանդիպման արդյունքները մեկնաբանելու «բավական անբարեխիղճ» փորձեր։
«Կա կոնկրետ հայտարարություն, այն հայտարարվել է, այն պաշտոնական փաստաթուղթ է և հարկավոր է ելնել դրանից, այլ ոչ կամայական կամ ինչ-որ մեկի կողմից խեղաթյուրված մեկնաբանություններից»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովը ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում կողմերը հասել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման մասին պայմանավորվածության։










