«Հակահարված» արտ խմբի անդամը դատարանի վճռով արդարացվեց (տեսանյութ)

14:38 • 24.06.16

Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հրապարակեց վճիռը, համաձայն որի՝ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը ճանաչվեց անմեղ և ՀՀ Քրեական դատավարական օրենսգրքի 288-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը չեղարկվեց:

Հիշեցնենք, որ գործով մեղադրողը այս մասին միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել  Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը և սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։

Իսկ նախքան այս՝ նախորդ դատական նիստին ներկայացվել էր Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրություն, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն նշվում էր, որ  տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին, ուստի, ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։

Դատարանի վճռի հրապարակումից հետո Արտակ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախքան ԱԱԾ վերը նշված գրությունը չէր կարծում, որ իրեն կարդարացնեն:

Հարցին, թե նման ակցիաները կրկին շարունակելո՞ւ է անել, Արտակ Գևորգյանը ասաց, որ արել է, անում է ու անելու է, «երբ գալիս է տեղը, ժամն ու պահը»։ Նաև հավելեց, որ նման ակցիաները ինքնանպատակ չեն։