Մեծ Բրիտանիայում սկսվել է ԵՄ կազմում մնալու հանրաքվեի արդյունքների հաշվարկը
Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի ընտրատեղամասերը փակվել են, սկսվել է ձայների հաշվարկը։ Բրիտանացիների առաջ խնդիր էր դրված որոշել սեփական երկրի զարգացման վեկտորը առաջիկա 10 տարվա համար։
Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ առավոտյան Մանչեսթերում, որտեղ տեղակայված է ձայների հաշվարկի կենտրոնական շտաբը։
Քվեարկելու հնարավորություն ունեցել է 46,5 մլն մարդ։ Ընտրատեղամասերում, բացի ընտրողներից, եղել են նաև դիտորդներ և ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ։ Քարոզարշավի ընթացքում հասարակական կարծիքը ցույց տվեց, որ անդամակցության կողմնակիցներն ու հակառակորդները կիսվել են երկու հավասար մասի։ Սակայն վերջին շաբաթների ընթացքում նրանց թիվը, ովքեր հանդես են գալիս ԵՄ կազմից դուրս գալու օգտին՝ աճում էր։ Դրան ի պատասխան կառավարությունն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հանդես են եկել անխուսափելի կորուստների վերաբերյալ զգուշացումներով։










