Բրյուսելը դիմել է Լոնդոնին՝ առաջարկելով հնարավորինս շուտ ներկայացնել ԵՄ-ից դուրս գալու մասին դիմումը

16:40 • 24.06.16

Բրյուսելը պաշտոնապես դիմել է Լոնդոնին՝ առաջարկելով հնարավորինս շուտ ներկայացնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին դիմումը: Այդ մասին հետևում է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրախորհրդարանի խոսնակ Մարտին Շուլցի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի համատեղ հայտարարությունից, որը հրապարակվել է ԵՄ խորհրդի կայքում:

 

Հայտարարությունում նշվում է, որ ազատ և ժողովրդավարական գործընթացի ընթացքում Մեծ Բրիտանիայի ժողովուրդն արտահայտել է իր ցանկությունը՝ դուրս գալ ԵՄ-ից:

 

«Մենք ցավում ենք նման որոշման առնչությամբ, բայց հարգում ենք այն»,- նշվում է հայտարարությունում:

 

Եվրամիության ղեկավարությունը խոստովանում է, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է, բայց ակնկալվում է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը հնարավորինս արագ կիրագործի երկրի ժողովրդի այդ որոշումը՝ որքան էլ ցավոտ լինի այդ գործընթացը:

«Այդ գործընթացում ցանկացած հետաձգում չարդարացված կերպով մեծացնում է անորոշությունը»,- ընդգծված է հայտարարությունում: