ԵՄ-ի անդամակցությանը դեմ հանդես եկողները ուժ են դարձել Մեծ Բրիտանիայում և կշարունակեն պայքարը

04:06 • 24.06.16

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին հանդես եկող առաջնորդներից մեկը՝ Բրիտանիայի անկախության կուսակցության առաջնորդ Նայջլ Ֆարաջը համարում է, որ վերջին շաբաթների ընթացքում բրիտանական քաղաքականությունը լուրջ փոփոխություններ է կրել, քանի որ եվրասկեպտիկները լուրջ ուժ են դարձել և կշարունակեն պայքարը։

«Կարևոր չէ, թե ճակատամարտի արդյունքները ինչպիսին կլինեն, քանի որ մենք հաղթել ենք ողջ պատերազմը։ Վերջին շաբաթների ընթացքում բրիտանական քաղաքականությունը շատ փոխվեց։ Մենք կշարունակենք մեր գործը, մենք կվերադարձնենք Բրիտանիան»,- ասել է Ֆարաջը՝ ելույթ ունենալով ԵՄ կազմից դուրս գալու օգտին պայքարողների շտաբում։  

Նշենք, որ արդեն հայտնի են Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեի որոշ արդյունքներ։

Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Սանդերլենդ քաղաքի բնակչության մեծ մասը քվեարկել է ԵՄ կազմից դուրս գալու օգտին։ Այն առաջին քաղաքն է Մեծ Բրիտանիայում, որ աջակցել է Brexit-ին։ Դուրս գալու օգտին քվեարկել է ընտրողների 61,3%-ը, իսկ ԵՄ կազմում մնալուն կողմ է 38,7%-ը։

Իսկ ահա Նյուքասլ քաղաքի և Օրքնեյան կղզիների բնակչության մեծ մասը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմում մնալուն։ Նյուքասլում ԵՄ անդամակցության օգտին քվեարկել է ընտրողների 50,7%-ը, իսկ դրան դեմ է 49,3%-ը։ Օրքնեյան կղզիներում կողմ է քվեարկել 63%-ը, դեմ՝ 37%-ը։

ԵՄ-ի անդամակցությանը դեմ հանդես եկողները ուժ են դարձել Մեծ Բրիտանիայում և կշարունակեն պայքարը