Եվրախորհրդարանը հունիսի 28-ին Մեծ Բրիտանիայի հանրաքվեի հարցով արտահերթ նիստ կանցկացնի
Եվրախորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել հունիսի 28-ին, հայտնում է Euronews-ը:
Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կընդունվի բանաձև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:
«Եվրախորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի երեքշաբթի օրը՝ առավոտյան 10-ին, կընդունվի բանաձև, որը կպարունակի Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների գնահատականը»,- ասել է Շուլցը:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացվել է հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել 51,9 տոկոս ձայնով, դեմ է հանդես եկել 48,1 տոկոսը: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի բնակիչները կողմ են արտահայտվել ԵՄ-ում Բրիտանիայի մնալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հայտնի դառնալուց հետո եվրոպական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել:










