Brexit-ից հետո Frexit. Ֆրանսիայում առաջարկել են ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել

17:29 • 24.06.16

Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենն առաջարկել է Ֆրանսիայում Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Լե Պենի Twitter-յան գրառմանը։

 

«Ազատությունը հաղթանակել է։ Ինչպես հայտարարում էի բազում տարիների ընթացքում՝ անհրաժեշտ է նմանատիպ հանրաքվե անցկացնել Ֆրանսիայում և Եվրամիության այլ երկրներում»,- նշել է քաղաքական գործիչը։

 

Ավելի վաղ Լե Պենը, ով, հավանաբար, հաջորդ տարվա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու, բազմիցս արտահայտվել է Ֆրանսիայի՝ ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Մասնավորապես, հունիսի 17-ին նա նշել է, որ առանձնացմանը ձգտելու համար ֆրանսիացիներն ավելի շատ պատճառներ ունեն, քան բրիտանացիները։ Քաղաքական գործիչը կարծում է, որ Եվրամիության անդամ բոլոր երկրները պետք է մտածեն միության հետ իրենց հարաբերությունների վերանայման մասին։

 

Նա նաև նշել է, որ Եվրամիության վերնախավ հանդիսացող երկրները ցանկանում են վերացնել ազգերն ու ինչ-որ միասնական կառույց ստեղծել, որը երկրները զրկելու է սեփական բյուջետային ու տնտեսական քաղաքականությունը կառավարելու հնարավորությունից։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, hրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

Brexit-ից հետո Frexit. Ֆրանսիայում առաջարկել են ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել