«Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի գործով դատախազը հրաժարվեց մեղադրանքից

12:19 • 24.06.16

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկված դատական նիստին մեղադրող դատախազ Սիմոնյանը հայտարարեց, որ դատաքննությամբ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել  «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին առաջադրված մեղադրանքը և սպառվել է նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այսպիսով, դատախազը հրաժարվեց մեղադրանքից:

Ուստիև, մեջբերելով ՀՀ քրեադատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասը, 306-րդ հոդվածի 3-րդ մասը մեղադրող դատախազն ասաց,որ 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դադարեցնել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը:

Հիշեցնենք, որ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանը դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով ակցիա էր արել քաղաքում՝ այդկերպ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։

«Ուզում էի քաղաքականացնել ակցիան, ԿԸՀ գնացի, հետո որոշեցի գնալ ՍԴ, Բաղրամյան 26, հետո ինչ-որ մի տեղ, հետո որոշեցի վերացնեմ այդ տանկը և վերացրեցի ԱԱԾ վարչական շենքի վրա»,- ժամանակին լրատվամիջոցներին պատմել էր Արտակ Գևորգյանը, ով մեղադրվում է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, ինչպես նաև՝ ուրիշի գույքը ոչնչացնելու մեջ:  

Նշենք, որ այսօր Արտակ Գևորգյանի գործով երրորդ դատական նիստն էր: Նախորդ նիստին ներկայացվել էր Ազգային անվտանգության ծառայությունից ստացված գրություն, որում ասվում էր, որ ԱԱԾ-ն չի ողջունում քաղաքացիների նման վարքագիծը, սակայն տեղի ունեցածի արդյունքում չի խաթարվել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը, լուրջ անհանգստություն չի պատճառվել աշխատակիցներին, ուստի, ԱԱԾ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել դատական նիստերին։  

 

 

 

«Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանի գործով դատախազը հրաժարվեց մեղադրանքից