ՀԷՑ-ի տնօրենը չի մեկնաբանում «Էլեկտրիկ Երևանի» հնարավոր ցույցերը և ճշգրիտ է համարում էլէներգիայի նոր սակագինը
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նվազեցրեց էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար կնվազի 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Նախագիծը հանձնաժողովի նիստի օրակարգում է:
Հիշեցնենք, սակայն, որ անցյալ տարի էլեկտրաէներգիան սպառողների համար թանկացավ 6.9 դրամով, և հանձնաժողովը դա հիմնավորեց ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամով: Ստացվում է՝ սպառողն անգամ վաղվա էժանացումից հետո ավելի թանկ է վճարելու, քան անցյալ տարի այս ժամանակ էր վճարում, երբ դեռ սակագինը չէր թանկացել: Անցյալ օգոստոսին սակագինը թանկացավ 6.9 դրամով, իսկ հիմա էժանանում է ընդամենը 2.58 դրամով:
Հանձնաժողովի նիստից հետո Tert.am-ի դիտարկմանը, թե չնայած սակագնի իջեցմանը ներկա սակագինը շատ ավելի բարձր է, քան անցյալ տարի էր, այսպիսով ստացվում է, որ մեր հասարակությունը մասամբ վճարեց ՀԷՑ-ի վնասների դիմաց, հիմա էլ ավելի թանկ է վճարելու, ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն ասաց.
«Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, ես, որպես տնտեսագետ, հաշվարկված սակագները գնահատում եմ ճշգրիտ: Ճշգրիտ մեխանիզմներ են ընտրված, ու դա է նաև մեր հաջողությունների գաղտնիքը: Ամեն բան գնում է ճշգրիտ ուղիով»:
ՀԷՑ-ի տնօրենը այսպես մեկնաբանեց սակագնի ձևավորման ընթացակարգը. «Մեր նախորդ տարվա սակագնից հանվել է երկու բաղադրիչ: Առաջինը՝ նախորդ տարում դրված այն վնասի փոխհատուցման էլեմենտը և երկրորդը՝ տեսեք, մեխանիզմն ինչպես է՝ շատ արդարացի մեխանիզմ է, երբ որ վնաս ուներ ընկերությունը՝ գերվնաս, դա դրվեց սակագնում, այս տարի բացի գերվնասի վերադարձից, ընկերությունն ունեցել է որոշակի՝ 2.8 միլիարդ դրամի չափով նախատեսվածից ավելի շահույթ, որը հանվեց սակագնից»:
Tert.am-ի հարցին, թե քանի որ սակագինը նախորդ տարվանից էական բարձր է լինելու, մտավախություն չունի՞, որ «Էլեկտրիկ Երևանը» նորից կարող է դուրս գալ փողոց ու ցույցեր սկսել. «Ես չեմ ուզում դա մեկնաբանել: Մեր կողմից արվում է ամեն անհրաժեշտը, որ ամեն բան լինի նորմալ, ամեն բան լինի տրամաբանական»:
ՀԷՑ-ի տնօրենը պնդեց, որ թանկացումը հիմնավորված էր: Մեր դիտարկմանը, թե ՌԱՕԵՍ-ն էլ էր պնդում, որ սակագինը պետք է բարձրանա, սակայն հասարակությունը չհամաձայնեց և այն հեռացավ, ՀԷՑ-ի տնօրենը հրաժարվեց պատասխանել:
ՀԷՑ-ի տնօրենը վստահեցրեց, որ իր ղեկավարած ընկերությունում այլևս գերկորուստներ չեն լինում: «Այսինքն` կորստի նորմատիվային սահմանը, ինչպես տեսնում եք, 11.2-ից իջեցվեց 11.03-ի, դրա շրջանակներում մենք չենք ունենա գերազանցում, մեր տարեկան նիշը 9 տոկոսն է»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀԷՑ-ի «էլեկտրիկների հավելագրումների» դեպքերին, Կարեն Հարությունյանն ասաց, որ ինքը բազմից նշել է այն վիճակագրությունը, թե որքան նման աշխատակիցներ են ազատվել աշխատանքից:










