Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակի պայքարն ԻՊ-ի դեմ. երկրի ՊՆ
Մեծ Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի կազմում ու կշարունակի պայքարն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ չնայած առաջիկայում Եվրամիությունից դուրս գալուն:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
Բրիտանացիները երեկ կայացած հանրաքվեի ընթացքում կողմ են քվեարկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն: Վարչապետ Դևիդ Քեմերոնը երկրին կոչ էր արել պահպանել անդամակցությունը կառույցին, և արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Ես այսօր կխոսեմ Գերմանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մեր դաշնակիցների հետ, կհիշեցնեմ, որ մենք մնում ենք ՆԱՏՕ-ի կազմում և կշարունակենք կարևոր դեր խաղալ Արևմուտքի անվտանգության ապահովման հարցում, մենք կշարունակենք պայքարն ԻՊ-ի դեմ»,-ասել է Ֆելոնը:










