Հռոմի պապը Հայաստան թռիչքի ընթացքում մեկնաբանել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է La Stampa-ն:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, Հռոմի պապը սովոր չէ մամուլի ասուլիսներ կազմակերպել թռիչքների ժամանակ և սովորաբար սահմանափակվում է այցի երկրի մասին մի քանի մեկնաբանություններով: Այս անգամ, այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի իրադարձությունները փոխել են այս չգրված կանոնները, և Պապը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Դա եղել է ժողովրդի կամքը»,- հանրաքվեի արդյունքները մեկնաբանել է Պապը։ «Դա բոլորիցս մեծ պատասխանատվություն է պահանջում Միացյալ Թագավորության, ինչպես նաև ողջ եվրոպական մայրցամաքի բնակչության բարօրությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, hրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:
Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:










