Նման հագեցած օրակարգ Պապը քիչ է ունենում. օտարերկրյա լրագրողներ
Հռոմի պապի եռօրյա այցի լուսաբանման համար Հայաստան են ժամանել լուսանկարիչներ, լրագրողներ, վերլուծաբաններ շուրջ 600 լրատվամիջոցներից, ովքեր աշխատելու են հագեցած օրակարգը հանրությանը ներկայացնելու համար:
Պապի Երևանի, Էջմիածնի, Գյումրիի այցերը լուսաբանվելու են համապատասխանաբար երեք լրատվական կենտրոններից, որտեղ արդեն իսկ մեծ եռուզեռ է: Ցանկացողները աշխատելու են հենց իրադարձության կենտրոններից:
Քանի որ լրագրողները նախընտրում են հարցերին պատախանելու փոխարեն հարցեր տալ, ոմանք էթիկապես ճիշտ չեն համարում հարցազրույցներ տալ, իսկ ոմանք էլ ժամանակ չեն գտնում թոհ ու բոհի մեջ անգամ սնվել, դժվար է ամբողջակական պատկերացում ստանալ՝ կատարվողի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, փորձեցինք միջազգային մամուլի ներկայացուցիչներից ճշտել՝ ինչով է կարևոր այցն իրենց երկրների համար, ինչ գիտեն Հայաստանի ու հայերի մասին և արդյոք ժամանակ գտնում են աշխատանքը համատեղել հաճելիի հետ, զբոսնել քաղաքով:
Հռոմի պապի հետ այցերին մշտապես մասնակից իտալացի լրագրող, վերլուծաբան Անդրեա Գագլիարդուչին, ով ներկայացնում է Catholik News գործակալությունը, Tert.am-ին ասաց, որ նման հագեցած օրակարգ Պապը քիչ է ունենում:
Անդերան ասաց, որ իրենք ժամանել են մեծ խմբով, որ հասցնեն ներկա լինելու բոլոր իրադարձություններին: Իտալացի լրագրողն ասաց, որ իրենք կաթոլիկ լրատվամիջոց են, ուստի բնական է, որ մեծ ուշադրություն են դարձնում Պապի այցին, բայց դա չի նշանակում, որ իտալական մյուս ԶԼՄ-ների համար այն պակաս կարևոր է:
«Ես գիտեմ, որ Հայաստանը փակ սահմաններ ունի Թուրքիայի հետ, որ Հայաստանն ունի ղարաբաղյան հակամարտության հիմնահարց ու որ հայ առաքելական եկեղեցին կաթոլիկ աշխարհի հետ ջերմ հարաբերություններ ունի: Ես շատ կցանկանամ, որ սահմանները Հայաստանի համար բացվեն: Իհարկե, չեմ կարող ասել, որ Պապի այցը կլուծի այդ հարցը, բայց գուցե կնպաստի դրան»,- ասաց Գագլիարդուչին:
Իտալացի լրագրողը նկատեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում Հռոմի պապի այցը կարևոր կլինի, քանի որ կաթոլիկ աշխարհի առաջնորդը դեռևս նախորդ տարի «Ցեղասպանություն» էր որակել 1915թ.-ի դեպքերը:
Եռօրյա օրակարգով աշխատելն էլ, նրա խոսքով, դժվար չէ, հատկապես, երբ ինքը վերլուծաբան է: Հակառակը, Անդերան նշեց, որ հայկական մշակույթի հետ հարաբերվելը իրեն հետաքրքիր կլինի, որովհետև առաջին անգամ է մեր երկրում:
Էկրանից այն կողմ լրագրողների աշխատանքը չի երևում, սակայն, Երևանի լրատվական կենտրոնից աշխատող Associated Press-ի լրագրող Թակոյի խոսքով, ով ի դեպ ազգությամբ վրացի է, կարևոր է ու պատասխանատու: «Աշխատում ենք նույն տեմպով, ինչ միշտ ենք աշխատել, նույն պատասխանատվությամբ»,- ասաց նա:
Ռուսաստանցի հեռուստալրագրողներից մեկն էլ նշեց, որ հասկանալի է, թե պատմական այցի վերաբերյալ հետաքրքրությունը ինչու է մեծ աշխարհում: Նա շնորհակալություն հայտնեց աշխատանքային լավ պայմաններ ապահովելու համար, հույս հայտնեց, որ հաջորդ երկու օրերին էլ հարմարավետությունը ապահովված կլինի և շեշտեց, որ Ռուսաստանում կաթոլիկ համայնքը «չէր ների իրենց», եթե այցը չլուսաբանվեր:
«Սա կարևոր իրադարձություն է հավատավոր ժողովուրդների համար, նրանց համար, ովքեր Աստծուն մոտ գտնելու ցանկություն ունեն ու լավ է, որ Հայաստանը դրա կենտրոնում է: Պապն ասել էր, որ դուք քրիստոնյա առաջին ժողովուրդն եք, ուստի լավ է, որ նման իրադարձությունները ձեզ մոտ են կատարվում»,- շեշտեց Սերգեյը:
Մեր զրուցակիցները ցավով նշեցին, թե դժվար հասցնեն զբոսնել քաղաքով, տեսնել Երևանի տեսարժան վայրերը, «սելֆի» անել, բայց հույս հայտնեցին, որ դա կանեն հաջորդ այցերի ժամանակ:
















