Նիդեռլանդցի պաշտոնյան կոչ է արել երկրում նույնպես ԵՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե անցկացնել

13:35 • 24.06.16

Նիդեռլանդներում ներգաղթի դեմ շարժման առաջնորդ, Ազատության կուսակցության ղեկավար Գերտ Վիլդերսն ուրբաթ օրը Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեի կոչ է արել այն բանից հետո, երբ Բրիտանիան կողմ է քվեարկել միությունից դուրս գալու օգտին, հայտնում է Reuters գործակալությունը:

 

Վիլդերսը, ով առաջատար դիրքեր է զբաղեցնում հարցումներում, նշել է, որ եթե մարտին ինքն ընտրվի վարչապետ, նա նույնպես հանրաքվե կկազմակերպի:

 

«Մենք ցանկանում ենք ինքներս պատասխանատու լինել մեր սեփական երկրի, մեր սեփական փողի, մեր սեփական սահմանների և մեր սեփական ներգաղթային քաղաքականության համար»,- ասել է նա:

 

Een Vandaag հեռուստաալիքի կողմից այս շաբաթ անցկացված հարցումը ցույց է տվել, որ երկրի բնակչության 54 տոկոսը հանրաքվե է ցանկանում:

 

Գործակալությունը հիշեցնում է նաև, որ հոլանդացի ընտրողները ԵՄ-ի դեմ բացասական տրամադրություններ են ցույց տվել, երբ մեծամասնությունն ապրիլին հանրաքվեի ժամանակ մերժել է Ուկրաինա-ԵՄ պայմանագիրը: