ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ
Միացյալ Նահանգներն իր դաշնակից Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ խոր մտահոգություն է հայտնել։ Դա տեղի է ունեցել 3 ակտիվիստների ձերբակալությունից հետո, հաղորդում է hurriyetdailynews.com-ը։
Թուրքիայում «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Էրոլ Օնդերողլուն, լրագրող Ահմեդ Նեսինն ու մարդու իրավունքների ակտիվիստ Շեբնեմ Քորուր Ֆինչանչին հունիսի 20-ին մեղադրվել են «ահաբեկչական քարոզչության» համար։
Ակտիվիստները մասնակցել են իշխանությունների ճնշմանը ենթարկված քրդամետ Özgür Gündem օրաթերթի կազմակերպած արշավին ու համերաշխություն արտահայտելու համար կամավորական սկզբունքներով օգնել են խմբագրել թերթը։
Ստամբուլի դատախազները պահանջել են ակտիվիստներին բանտարկել առնվազն 2 և առավելագույնը 14,5 տարի ժամկետով։
«Սա այն բացասական միտման շարունակությունն է, որին ականատես եմ եղել Թուրքիայում։ Երկրի կառավարությունը փորձում է խոչընդոտել խոսքի և մամուլի ազատությունը։ Որպես Թուրքիայի գործընկեր ու դաշնակից՝ պահանջում ենք վերանայել ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների վերաբերյալ սկզբունքները»,- նշում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի տնօրեն Դելֆին Հալգանդը խստիվ դատապարտել է ակտիվիստների ձերբակալման որոշումը։
«Ակտիվիստների ձերբակալումը վկայում է Թուրքիայում մարդու իրավունքների քրեականացման մասին։ Մենք անդադար պայքարելու ենք նրանց իրավունքների պաշտպանության համար»,- նշում է Հալգանդը։










