Թուրքիան անձեռնմխելիությամբ է օժտել քուրդ զինյալների դեմ գործողություն իրականացնող անվտանգության ուժերին
Թուրքիայի խորհրդարանն անձեռնմխելիությամբ է օժտել քուրդ զինյալների դեմ հակաահաբեկչական գործողություններ իրականացնող զինված ուժերի անդամներին, հայտնում է Reuters-ը:
Ընդունված օրենքն ընդարձակ լիազորություններ է տալիս զինվորականներին այն ժամանակ, երբ Թուրքիայի իշխանությունները փորձում են ճնշել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ապստամբությունը:
Ինչպես նշում է գործակալությունը, այս օրենքը կարող է շատ ավելի բարդացնել իրավունքների ոտնահարման մեղադրանքները: ՄԱԿ-ը և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ խմբեր մտահոգություններ են հայտնել ավելի վաղ խիտ բնակեցված քաղաքներում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում նման խախտումների առնչությամբ: Ընդդիմադիր կուսակցությունների տվյալներով՝ հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն՝ «ոչնչացվել» է ՔԱԿ-ի 7.500 զինյալ և սպանվել է մոտ 500 զինվոր ու ոստիկանության աշխատակից:










