«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. պաշտպան

19:02 • 05.08.16

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի առաջադրված մեղադրանքը քիչ առաջ փոխվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը:

Նա հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 218 և 235  հոդվածներով, ինչպես «Սասնա ծռեր» խմբի անդամներին, իսկ այժմ նա մեղադրվում է այդ հոդվածներով նախատեսված արարքներին օժանդակելու համար: Պաշտպանը նշեց, որ այժմ բողոք են ներկայացնելու վերաքննիչ  կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ:

«Դատարանը իրեն դրսևորեց որպես գրասենյակային դակիչ, որը առանց փաստաթղթեր ընթերցելու, առանց առարկություններ ունկնդրելու դակեց մի որոշում, որը իրականության հետ ոչ մի կապ չուներ, և այդ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառեց: Հիմա նոր քննչական մարմինը հիշել է, որ Արթուր Սարգսյանը հուլիսի 17-ին այդ խմբի հետ չի մտել գունդ»,- ասաց նա և նշեց, որ դա խոսում է այն մասին, որ ընդամենը մեկ քաղաքական  որոշման շրջանակներում են բոլորը ձերբակալվել և կալանավորվել: