Գազիանթեփում 3-4 թաղամաս ԻՊ-ի ձեռքում է, պետությունը և ժողովրդի մի մասն աչք է փակում. թուրք պատգամավոր

10:09 • 22.08.16

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էլիֆ Դողան Թյուրքմենը, որը Գազիանթեփի ահաբեկչությունից անմիջապես հետո մեկնել է դեպքի վայր, «Սյոզջու» թերթին տված հարցազրույցում բացառիկ լուրեր է հայտնել:


«ԻՊ-ը («Իսլամական պետություն» խմբավորում) Գազիանթեփում շատ կարևոր դիրքեր ունի զբաղեցրած, 3-4 թաղամաս ամբողջովին նրանց ձեռքում է: Ժողովրդի շրջանում կարծիք կա, որ պետությունը տեղյակ է և դիտավորյալ աչք է փակում այս ամենի վրա: Չնայած ժողովրդի մի մասն ինքն էլ է աչք փակում իրականում»,- ասել է նա:


Թյուրքմենը նշել է, որ ահաբեկչության իրականացման հետ կապված կա հիմնական երկու վարկած։

«Ըստ առաջին վարկածի՝ պայթուցիկը տեղադրել են մանկական անվասայլակի մեջ: Ըստ երկրորդ վարկածի՝ հենց հարսանիքի ժամանակ 12 տարեկան մահապարտ ահաբեկիչն է ինքն իրեն պայթեցրել: Թեև հնարավոր է, որ ԻՊ-ի որևէ անդամ դրսից ներխուժելով է իրականացրել ահաբեկչությունը»,- ասել է նա։

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել։

 

Հիշեցնենք, որ լույս օգոստոսի 21-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի էր ունեցել ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի էր դրել քրդական հարսանիքի ժամանակ: Դեռևս որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել այս ահաբեկչության պատասխանատվությունը:  

Գազիանթեփում 3-4 թաղամաս ԻՊ-ի ձեռքում է, պետությունը և ժողովրդի մի մասն աչք է փակում. թուրք պատգամավոր