ՀՀ-ն և ԵՄ-ն կունենան լուրջ տեխնիկական համաձայնագիր, որը նախատեսվում է ստորագրել մինչև տարվա վերջ. Եժի Նովակովսկի

10:27 • 24.10.16

Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները՝ շրջանակային իրավական նոր փաստաթղթի շուրջ, ինտենսիվ են ընթանում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակոսկին:

Դիտարկմանը, թե մեկ տարուց ավել է բանակցություններն ընթանում են, արդյոք ընթացքը դանդաղ չէ՞, եթե հաշվի առնենք, որ ընթանում է արդեն իսկ բանակցված փաստաթղթի հիման վրա, ապա Եժի Նովակովսկին ասաց, որ փաստաթուղթը տարբերվում է նախորդից։

«Ես գիտեմ, որ նոր փաստաթուղթը տարբերվում է նախորդ՝ Ասոցացման համաձայնագրից, որն ավելի ընդլայնված շրջանակ ուներ: Բայց քանի որ նախորդ համաձայնագիրը սահմանափակում էր Հայաստանին, խոչընդոտում էր ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, բարդացրել էր հարցը, բայց ես վստահ եմ, որ առաջիկա շաբաթներում հարցը դրական ավարտ կունենա: Բանակցությունները ինտենսիվ են ընթանում»,– ասաց նա:

Հարցին՝ ե՞րբ պատրաստ կլինի փաստաթուղթը, դեսպանը պատասխանեց. «Դա կախված է առաջին հերթին Հայաստանից և մասամբ նաև Եվրահանձնաժողովից: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ գործընթացը պետք է ավարտին հասցնել մինչև տարեվերջ, ինչից հետո փաստաթուղթը պետք է վավերացվի ԵՄ անդամ-պետությունների կողմից»:

Եժի Նովակովսկին շեշտեց, որ արդյունքում ՀՀ-ԵՄ-ն կունենան լուրջ տեխնիկական համաձայնագիր: