Թրամփը խոստացել է, որ նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ-ն այլևս չի տապալի ռեժիմներ
Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի հանրապետական մասնակից Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ նախագահ դառնալու դեպքում, ԱՄՆ-ն այլևս չի միջամտի այլ երկրների գործերին ու չի տապալի ռեժիմներ:
«Մենք ռազմական ուժ կկիրառենք միայն այն դեպքերում, երբ դա կենսական անհրաժեշտություն լինի ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար: Մենք վերջ կտանք Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ժողովրդավարություն կառուցելու ջանքերին, ռեժիմներ տապալելուն, ինչպես նաև միջամտելուն այն հարցերին, որոնց խառնվելու իրավունքը չունենք»,- մեջբերում է ria.ru-ն Թրամփի խոսքերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնին են հավակնում հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:










