«Սասնա ծռերն» են փոխհատուցելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հաստատված վնասի 200 միլիոնը, եթե դատարանի վճռով ապացուցվի նրանց մեղքը

21:10 • 08.11.16

Եթե ապացուցվի, որ հուլիսի 17-31-ը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով հաշվարկված վնասի 200 միլիոնը պատճառվել է մեղադրական դատավճռով մեղավոր ճանաչված ամբաստանյալների կողմից, ապա վնասի հատուցման պարտականությունը կրելու են մեղադրական դատավճռով մեղավոր ճանաչված ամբաստանյալները՝դատական ակտերով հաստատված չափերով՝ անկախ ՀՀ կառավարության կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրված փոխհատուցումների չափերից:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան գրավոր հարցման: Իսկ հարցն այն էր, թե քանի որ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը հայտնել էր, որ ՊՊԾ գնդի դեպքերի հետևանքով պետությանը հասցված 300 մլն դրամի վնասից 100 միլիոնը պետությունը կփոխհատուցի, ապա մնացած 200 միլիոնի վնասը ո՞վ է վճարելու:

«Օրենքի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական համապատասխան հայցի քննության շրջանակներում ենթակա են հատուցման բացառապես հանցագործության անմիջական պատճառված գույքային վնասը, վնասված կամ ոչնչացված (կորսված) գույքը վերականգնելու, գնելու ծախսերը, տուժողների բուժման կամ հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերը:

Հանցագործության հետևանքով պատճառված այլ վնասների հատուցման իրավունքից Հայաստանի Հանրապետությունը կարող է օգտվել միայն քաղաքացիական դատավարության կարգով»,-ասված է ոստիկանության գրության մեջ:

Ոստիկանությունից մանրամասնեցին նաև, որ հուլիսի 17-31-ը զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի նախնական չափը որոշվել է ՀՀ ոստիկանությունում ստեղծված գերատեսչական հանձնաժողովի կողմից և որ վնասի չափի վերաբերյալ ապացույցների մի մասը ստուգվում են քրեական գործի շրջանակներում և ներկա պահին հանդիսանում են նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ: Ոստիկանության տեղեկացմամբ` այդ 100 միլիոնը կառավարությունն արդեն իսկ փոխհատուցել է:

«Վնասի չափը հիմնավորող դատավարական ապացույցները կհրապարակվեն և կհետազոտվեն քրեական կամ քաղաքացիական գործի դատաքննության փուլերում, որի ընթացքում էլ, հուսով ենք, կփարատվեն վնասի չափի վերաբերյալ գոյություն ունեցող կասկածները»,-ասված է ոստիկանության գրության մեջ` ի պատասխան հարցի, թե կասկածի տա՞կ է դրվում «Սասնա ծռերի» գործողությունների հետևանքով պետությանը 300 միլիոն դրամի վնաս պատճառելը: