2017թ. սփյուռքահայ դիտորդները մասնակից կլինեն ՀՀ ընտրական գործընթացներին. Արսինե Խանջյան

11:08 • 05.12.16

Կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանն այսօր հրավիրված ասուլիսին, որը վերաբերում էր Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից սեպտեմբերի 21-ին սկսած «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը, տեղեկացրեց, որ հանուն ժողովրդավարության, արդարության և թափանցիկ ընտրությունների տարվող իրենց ստորագրահավաքին են միացել նաև հազարավոր հայեր:

Դերասանուհին ասաց, որ գործնական մասնակցություն ունենալու համար դիտորդական նախաձեռնություն են հիմնել, որը նպատակ ունի հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին Հայաստան բերել սփյուռքի հայրենակիցներին և թույլ տալ նրանց մասնակից լինել ՀՀ գործընթացներին՝ սեփական ներդրումն ունենալով ժողովրդավարության հաստատմանը։

«Մեզ համար Սփյուռքում Հայաստանի անկախությունը եղել է կարևորագույն հաղթանակ, նվեր, երազանքի իրականացում, որի համար միգուցե մենք՝ որպես անհատներ, այդ պահին չենք կարողացել մեծ ներդրում ունենալ, բայց ապրել ենք այս երկրին սատար լինելու գիտակցությամբ՝ օգնելու, որ ոտքի կանգնի ոչ միայն մշակութային ասպարեզում, այլ որպես անկախ, ինքնիշխան պետություն»,-ասաց նա:

Արսինե Խանջյանի խոսքով, սակայն ցավոք պատկերը տարեցտարի ավելի մտահոգիչ է դառնում:

«Հայաստանի տնտեսական ցուցանիշները, քաղաքական անառողջ մթնոլորտը, մարդու իրավունքների ոտնահարումը, արտագաղթը մեծ մտահոգություն են առաջացրել նաև Սփյուռքում: Մենք տեսնում ենք, որ ինչպես է քաղաքացիների արդար պահանջը լռեցվում, ինչպիսի ուժ է կիրառվում քաղաքացու դեմ, մոնոպոլիաները խեղդել են մրցակցությունը, ինչն ի վերջո զրկել է ինքնուրույն որոշումների կայացման ազատությունից»,-ասաց նա:

Հայտնի դերասանի խոսքով՝ այս տարին հատկապես ծանր էր և մտահոգիչ: «Ապրիլյան պատերազմի օրերին մեր երիտասարդ տղաների անմնացորդ սերն առ հայրենիք մեզ ստիպեց վերագնահատել մեր քայլերը. Հայաստանի ներկան ու ապագան այլևս գնահատվում է այդ տղաների կյանքի գնով, նրանց պաշտպանած պետությունը պետք է արժանի լինի նրանց անմնացորդ սիրուն»,-ասաց նա:

Նա հիշեցրեց նաև ամառվա իրադարձությունները՝ ՊՊԾ գնդի գրավումը: «Երբ քաղաքացիների զայրույթը հանգեցրեց զինված գործողություների մեր երկրում: Դա ակնհայտ ահազանգ էր, որ իրադրությունը դուրս է եկել թույլատրելիի սահմաններից, և երկրում անհապաղ փոփոխությունների ձեռնարկման կարիք կա»,-ասաց նա և նշեց, թե անձամբ ինքը ոստիկաների հետ առնչվելուց հետո հասկացել է, որ պետք է գործնական մասնակցություն ունենալ Հայաստանի իրադրությանը՝ օգտագործելով Սփյուռքի ներուժը, կանգնելով ՀՀ քաղաքացիների կողքին և բարձրաձայնելով նրանց արդար պահանջը:

Արսինե Խանջյանը նշեց, թե սեպտեմբերի 21-ին հրապարակած հայտարարության մեջ մատնանշել են պահանջները, կոչ արել իշխանություններին ուշադրություն դարձնել կարևորագույն օղակներին և հետևողական են լինելու իրենց կոչին: