Գերմանիայում փախստականների կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել. կա 6 տուժած (լուսանկարներ, տեսանյութ)

14:01 • 04.04.17

Գերմանական Բադեն Վյուրտեմբերգ երկրամասի Վայլ դեր Շտադտ քաղաքում տեղակայված փախստականների կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է առնվազն 6 մարդ: Այս մասին հայտնում է Stuttgarter Zeitung պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ` հրդեհից հետո փախստականների կենտրոնի շենքից տարհանվել է 30 բնակիչ: Հրդեհի հետևանքով տուժած 6 մարդուց մեկը հոսպիտալացվել է: Շտապօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերել 5 մարդու, որոնք միջադեպի հետևանքով ծխահարվել են:

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մոտ 100 հրշեջ և փրկարար: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս անհայտ է, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:

«Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են: Դրսից հրկիզման նշաններ չեն հայտնաբերվել: Նույնպես անհայտ է` արդյոք հրդեհը բռնկվել է բնակիչների գործողությունների պատճառով: Օրվա ընթացքում փորձագետը պետք է պարզի հրդեհի պատճառներն ու հանգամանքները: Մարման աշխատանքների հետևանքով կենտրոնում անհնար է բնակվել, այդ պատճառով 30 փախստական տեղափոխվել է այլ վայր: Միջադեպի հետևանքով կրած վնասը կազմում է 80 հազար եվրո: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն», - ասել է Վայլ դեր Շտադտ քաղաքի ոստիկանության խոսնակը: