Ստամբուլահայերը դիմավորել են Պոլսո պատրիարքի նորընտիր տեղապահին, Աթեշյանը փորձել է տապալել հանդիպումը. «Ակօս» (լուսանկարներ)

10:37 • 04.04.17

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նախօրեին ժամանել է Ստամբուլ, այս մասին հայտնում է «Ակօսը»:


Ստամբուլ վերադարձած արքեպիսկոպոս Բեկչյանը ժողովրդի հետ հանդիպել է պատրիարքարանին կից Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, որտեղ նրան սպասել են ստամբուլահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Հայտնի է, որ Արամ Աթեշյանը, որը դեռ հրաժարական չի ներկայացրել, հանդիպմանը չի եկել, ավելին`Բեկչյանի մուտքը եկեղեցի փորձել են խոչընդոտել: Նշվում է, որ Աթեշյանի անմիջական հանձնարարությամբ պատրիարքարանի աշխատակիցների կողմից սկզբում փակվել են եկեղեցու դռները ժողովրդի առաջ, մինչդեռ ժողովուրդը շարունակել է սպասել դռների մոտ, որոնք բացվել են արդեն եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի ժամանելուն պես, որն էլ ուղեկցել է ընտրված տեղապահ Բեկչյանին:

No automatic alt text available.

Հավաքված բազմությունը եկեղեցում աղոթք է արել և «բարի գալուստ» մաղթել Բեկչյանին:

Bekçiyan için dua edildi

Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը բոյկոտել էր Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը, փոխարենը՝ ստամբուլահայերի մեծ մասն ուղևորվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցի, որտեղ պատարագ է մատուցել արքեպիսկոպոս Բեկչյանը: 

Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրվել է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: