Սան Ֆրանցիսկոյում Ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ թեմատիկ պաստառ է կախվել (լուսանկարներ)
Դեպի ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաք տանող Բեյ Բրիջ կամրջի վրա փակցվել է մեծ պաստառ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:
Ինչպես նշում է sfgate.com-ը, մոտ 20 մ երկարությամբ պաստառը, որի վրա գրված է «Հայոց ցեղասպանություն. 1915», արդեն 3-րդ տարին անընդմեջ Ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին փակցվում է այս վայրում:
«Ցեղասպանությունը մեզ համար շատ անձնական թեմա է: Մենք այն վերապրածների թոռներն ու ծոռներն ենք: Դա մի բան է, ինչն իսկապես խոցել է մեր հոգին, մեր համայնքին ու ժողովրդին: Միացյալ Նահանգները, ցավոք, չի ճանաչել Ցեղասպանությունը, և այդ պատճառով դա մեզ համար ցավագին թեմա է: Մենք այն կարծիքին ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն մեզ, այլև մարդկության համար»,-նշել է Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ներկայացուցիչ Ալեքս Բաստյանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սան Ֆրանցիսկոյում բնակվող մոտ 30.000 հայ նվիրատվություն է կատարել պաստառը փակցնելու համար:
Նշվում է, որ այն փակցված է լինելու ամբողջ ապրիլի ընթացքում:













