Հռոմի պապի դեմ մահափորձ ծրագրած 17-ամյա ամերիկացուն սպառնում է 15 տարվա ազատազրկում

10:58 • 04.04.17

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ձերբակալված Սանտոս Կոլոնը դաշնային դատարանում խոստովանել է, որ 2015թ. հունիսի 30-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ մահափորձի ծրագիր է մշակել:


Ինչպես հաղորդում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության պաշտոնական կայքը, 17-ամյա տղան պատրաստվում էր կաթոլիկների հոգևոր հովվապետի դեմ մահափորձն իրականացնել 2015թ. Ֆիլադելֆիա և Փենսիլվանիա կատարած պապական այցի ժամանակ:


Հայտնի է, որ Սանտոսը ծրագրել էր դիպուկահար վարձել, ինչպես նաև պայթուցիկ նյութեր տեղադրել այն վայրերում, որտեղ գտնվելու էր Ֆրանցիսկոս պապը:


Սակայն դեռահասի ծրագիրը ձախողվել է, երբ նա կապվել է «դիպուկահարի» հետ, որը, ինչպես պարզվել է հետագայում, եղել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ:


Այժմ տղային սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250.000 դոլար տուգանք: