Ղրղզստանը հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի ինքնությունը (ֆոտոշարք)

11:33 • 04.04.17

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում երեկ իրականացված պայթյունի կազմակերպման համար կասկածվող մահապարտի ինքնությունը, հայտնում է gazeta.ru-ն:


«Մենք հաստատում ենք, որ ահաբեկչության կասկածյալը ծնունդով Ղրղզստանից, 1995 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է»,- հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններն ապրիլի 3-ի երեկոյան բերման են ենթարկել մի տղամարդու, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Հայտնի է, որ նա ծնունդով Բաշկորտոստանից է: Տղամարդը գրավել է իրավապահների ուշադրությունը բնորոշ արտաքինի ու պայթյունի ժամանակ «Սեննայա պլոշչադ» («Сенная площадь») կայարանի մոտ գտնվելու պատճառով:


Այնուհանդերձ՝ տղամարդու անունը հանվել է կասկածյալների ցանկից, քանի որ զոհերի դիերի ուսումնասիրության ժամանակ ենթադրաբար հայտնաբերվել է նաև մահապարտը:


Հաղորդվել է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի վագոնում որոտացած պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը, որոշ տվյալների համաձայն, նկարահանվել է տեսախցիկների միջոցով:

«Մետրոյի տեսախցիկները նկարահանել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը:


ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը: Ըստ նախնական տվյալների՝ վիրավորների թվում ազգությամբ հայ չկա: Կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  

 

 

 

 

 

 

Ղրղզստանը հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի ենթադրյալ կազմակերպչի ինքնությունը (ֆոտոշարք)