Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալներից մեկը չի ընդունել իր մեղքը
Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմիններն ապրիլի 3-ի երեկոյան բերման են ենթարկել մի տղամարդու, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ձերբակալման ժամանակ տղամարդը դիմադրություն ցույց չի տվել, ներկայացրել է անձնական տվյալներն ու անցել պայթյունին առնչություն ունենալու վերաբերյալ ստուգման բոլոր փուլերը:
Այլ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդն անձամբ է ներկայացել ոստիկանական բաժանմունք:
Հայտնի է, որ նա ծնունդով Բաշկորտոստանից է: Տղամարդը գրավել է իրավապահների ուշադրությունը բնորոշ արտաքինի ու պայթյունի ժամանակ «Սեննայա պլոշչադ» («Сенная площадь») կայարանի մոտ գտնվելու պատճառով:
Այնուհանդերձ՝ տղամարդու անունը հանվել է կասկածյալների ցանկից, քանի որ զոհվածների դիերի ուսումնասիրության ժամանակ ենթադրաբար հայտնաբերվել է նաև մահապարտը:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկի վագոնում որոտացած պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը, որոշ տվյալների համաձայն, նկարահանվել է տեսախցիկների միջոցով:
«Մետրոյի տեսախցիկները նկարահանել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին»,-ասել է քաջատեղյակ աղբյուրը:
Չհաստատված տվյալների համաձայն`կազմակերպիչը պայթուցիկ սարքը թողել է գնացքի վագոնում` պորտֆելի մեջ: Սակայն տվյալ տեղեկությունը պաշտոնական հաստատում չի ստացել:
Նախնական տվյալներով՝ զոհվել է տասնմեկ մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։










