Սանկտ Պետերբուրգի մետրոյի բոլոր կայարանները բացվել են ստուգումներից հետո
Սանկտ Պետերբուրգի մետրոյի «կապույտ» ճյուղի բոլոր կայարանները վերականգնել են իրենց աշխատանքն այն բանից հետո, երբ ապրիլի 4-ին դրանք փակվել էին ստուգման համար: Այս մասին ТАСС-ին հայտնել է Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
«Մետրոպոլիտենի բոլոր կայարաններն ու թունելները ստուգվել են, պայթյունավտանգ առարկաներ չեն հայտնաբերվել: Ժամը 13:45-ից մետրոն աշխատում է սովորական ռեժիմով», - հայտնել է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
Հայտնի է, որ ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի մետրոյի «կապույտ» ճյուղը մասամբ փակվել էր կենտրոնական մասում` «Մոսկովսկայա» կայարանից «Պետրոգրադսկայա» կայարանն ընկած հատվածում: Այսպիսով՝ ամբողջությամբ փակված է եղել 7 կայարան, և այդ ընթացքում անցկացվել է կայարանների և թունելների ամբողջական ստուգում:
Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ։










