Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն Սանկտ Պետերբուրգի պայթյունների զոհերի հիշատակին

20:11 • 04.04.17

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կանջատվի Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի զոհերի հիշատակը հարգելու նպատակով: Այս մասին հայտնում է The Local-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ իշխանությունները չեն անջատել Էյֆելյան աշտարակի լուսավորությունն ահաբեկչական ակտի օրը:

«Այս գիշեր Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի զոհերի հիշատակին Փարիզում կանջատվեն Էյֆելյան աշտարակի լույսերը», - գրել է Իդալգոն Twitter-ում:

Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Սանկտ Պետերբուրգում ապրիլի 4-ից հայտարարվել է եռօրյա սուգ՝ մետրոյի կայարաններից մեկում որոտացած պայթյունի կապակցությամբ: 


Ավելի վաղ RT միջազգային տեղեկատվական հեռուստաալիքն անդրադարձել է այն փաստին, որ եվրոպական երկրները Սանկտ Պետերբուրգի աղետի զոհերի հիշատակին չեն լուսավորել իրենց տեսարժան վայրերը` «առաջացնելով միջազգային հանրության զարմանքը»: