Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Կաչինսկու գործով լեհական կողմի հերթական մեղադրանքներին

04:56 • 04.04.17

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը համամիտ չէ Լեհաստանի դատախազության մեղադրանքների հետ Սմոլենսկի վթարի առնչությամբ, որի ժամանակ մահացել էր նախագահ Լեհ Կաչինսկին, գրում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:


ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը վարում է իր սեփական հետաքննությունը դեպքի բացահայտման առնչությամբ: «Իհարկե, բոլոր հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունեն, սակայն լեհական կողմի նման վարմունքը վատթարացնում է պետությունների երկուստեք հարաբերությունները»,- ընդգծել է նա՝ հավաստիացնելով, որ աշխատանքները շարունակվում են դեպքի բացահայտման համար:


Լեհաստանի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել ռուս դիսպետչերների և «երրորդ անձի» նկատմամբ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նրանք մեղադրվում են 2010թ. Սմոլենսկում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու Տու-154 օդանավի կործանումը միտումնավոր կազմակերպելու համար: Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պոշչենեկը:


«Արդեն հավաքվել են հետաքննության շրջանակում ձեռք բերված ապացույցները, որոնք հնարավորություն են տվել դատախազներին նոր մեղադրանքներ ձևակերպել ավիադիսպետչերների, ինչպես նաև թռիչքների կառավարման աշտարակում գտնված 3-րդ անձի նկատմամբ՝ մեծ թվով մարդկանց կյանք խլած աղետի միտումնավոր կազմակերպման վերաբերյալ»,-Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պոշչենեկը:


Հիշեցնենք, որ Վարշավայից դուրս եկած  Տու-154-ը, որում գտնվել են երկրի նախագահ Լեխ Կաչինսկին, առաջին տիկինը, բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի գերթե ամբողջ բարձրագույն ռազմական հրամանատարությունը, հասարակական ու կրոնական գործիչներ, կործանվել է Սմոլենսկի օդանավակայանում վայրէջք կատարելուց առաջ: Հայտնի է, որ ավիաաղետի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնված բոլոր 96 մարդիկ:


Միջպետական ավիացիոն հանձնաժողովն ավիաաղետի պատճառ է անվանել անձնակազմի սխալը: