Թունիսում գիշերային ակումբներից մեկը փակվել է՝ մահմեդական աղոթքի կոչի ռեմիքս տարբերակը նվագելու համար

10:23 • 04.04.17

Թունիսի զբոսաշրջային Նաբուլ քաղաքի գիշերային ակումբներից մեկը փակվել է տեսաձայնագրության պատճառով, որում դիջեյը նվագում է մահմեդական աղոթքի կոչի ռեմիքս տարբերակը, գրում է korrespondent.net-ը:


Ինչպես հայտնել է նահանգապետ Մնաուար Ուերտանին, հաստատությունը փակ կմնա մինչև հետագա հրամանը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:


Նրա խոսքով՝ ակումբի սեփականատերը ձերբակալվել է «բարոյական նորմերի և համեստության հրապարակային վիրավորանքի համար»: «Մենք թույլ չենք տա հարձակումներ կրոնական զգացմունքների և սրբությունների վրա»,- հայտարարել է Ուերտանին:


Orbit Festival փառատոնից արված տեսանյութում եվրոպացի դիջեյները նվագում են երաժշտություն, որում ներառված է եղել ավանդական մահմեդական աղոթքի կոչի պարային տարբերակը: Տեսանյութը վրդովմունք է առաջացրել սոցիալական ցանցերում, և երկուշաբթի փառատոնի կազմակերպիչները ներողություն են խնդրել Facebook-ի իրենց էջում՝ նշելով, որ չեն ցանկացել վիրավորական երաժշտություն նվագել: