«Ծառուկյան» դաշինքը ընտրության արդյունքները չի վիճարկում և խորհրդարան է գնում որպես ընդդիմություն. Վարդան Բոստանջյան

20:00 • 04.04.17

«Ծառուկյան» դաշինքից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ինչպես ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերը, Ծառուկյան դաշինքը ևս չի վիճակում ընտրությունների արդյունքները: «Ընդունել- չընդունելը կապված է անօրինական փաստերի առկայության հետ, որը մենք չենք էլ փնտրել»,-ասաց նա: Բոստանջյանը նշեց, որ ԱԺ-ում հանդես կգան որպես ընդդիմություն, ինչը չի նշանակում լինել իշխանությանը թշնամի:

-Պարո՛ն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում «Ծառուկյան» դաշինքի արդյունքները և դրանք վիճարկելու խնդիր տեսնո՞ւմ եք:

-Դուք որևէ տեղ նկատե՞լ եք, որ «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների վերաբերյալ արտահայտված լինի ինչ-որ թեթև բացասական տոնայնությամբ: Ընտրությունների արդյունքն ինչպես կա, այնպես էլ ընդունվում է բոլորի կողմից, այդ թվում նաև՝ Ծառուկյանի կողմից, և մենք դրա վերաբերյալ բացարձակապես որևէ ասելիք չունենք:

-Այսինքն՝ ունեք այն, ինչ ունեք:

-Այո, ուզում եք՝ ընդունեք, չեք ուզում՝ մի ընդունեք, որովհետև այլ նշանակություն չունի: Ընդունել- չընդունելը կապված է անօրինական փաստերի առկայության հետ, որը մենք չենք էլ փնտրել:

-30 մանդատ եք ստացել, կարծում եք՝ դա բավարա՞ր է ծրագրերը, մասնավորապես դաշինքի 15 կետերը կյանքի կոչելու համար:

-Իհարկե ոչ, բոլոր դեպքերում մենք ողբերգություն չենք կարող սարքել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ խորհրդարան գալով չեն դառնում թշնամիներ։ 15 կետերը կամ որոշները մեր հանրապետության կարևորագույն, առաջնահերթ՝ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներն են, եթե մենք որպես որոշողներ չկարողացանք այս խորհրդարանում անհրաժեշտ քանակի ձայներ ունենալ՝ 50+1%, կարծում եմ՝ մենք պետք է փորձենք դա կյանքի կոչել մյուս քաղաքական ուժերի հետ միահամուռ:

-Իսկ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կյանքի կոչելու համար պատրաստ եք նաև ՀՀԿ-ի հետ համագործակցել կամ, այսպես ասած՝ կոալիցիա կազմել:

-Դուք ինչո՞ւ եք ենթադրում, որ անպայման դա կոալիցիոն ճանապարհով պետք է լինի: Եթե մենք, օրինակի համար, տարբեր սկզբունքներ ունենք, կեցվածքներ և ուզում ենք մեր համար ընդհանուր ճանապարհ կառուցել, ի՞նչ է՝ անպայման պետք է միացնե՞նք մեր սկզբունքները: Ես կարծում եմ, որ ունենալով գաղափարական կամ գործելակերպի տարբերություններ՝ ընդհանուր խնդիրը լուծել կարելի է առանց կոալիցիոն սկզբունքի:

-Իսկ խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքին կտեսնե՞նք որպես ընդդիմադիր թև, թե, ինչպես ժամանակին էր, գուցե այլընտրանք:

-Չէ, արի ընդդիմադիր թև տեսեք, հա՞:

-Այսինքն՝ միանշանակ կլինեք ընդդիմություն, բայց մյուս քաղաքական ուժերի հետ միահամուռ կփորձեք խնդիրների լուծում փնտրել:

-Հասկանում եմ՝ ինչի համար եք ասում, բայց ընդհանրապես քաղաքական դաշտում, եթե մեկը լինում է իշխանություն, ոչ իշխանականները, որպես կանոն, կոչվում են ընդդիմություն, և այդ ընդդիմությունը երբևիցե չի նշանակում թշնամիներ:

-Նախընտրական շրջանում պարոն Ծառուկյանը հայտարարում էր 15 մլրդ դոլարի ներդրումներ բերելու մասին։ Հիմա, ընդդիմություն լինելով, այդ ներդրումների հարցը փակված կարելի՞ է համարել:

-Իհարկե, ներդրումները սկզբունքորեն պետք է չլինեն։ Գիտե՞ք ինչու, որովհետև ոչ թե ընդդիմություն լինելով մենք մեր երկիրը չենք սիրում, այլ այդ 15 միլիարդը և ավելին կլիներ այն պարագայում, երբ որ ներդրողը, հատկապես օտարերկրյա, վստահ լիներ, որ դա չի կորելու, իսկ մեր եղած ձայների պարագայում մենք չենք ունենում հնարավորություն համակարգը փոխել, այնպես որ բացառվի ուրիշի փողերը գողանալը:

-Այսինքն, քանի որ չեք կարող երաշխավորել, կոչ էլ չեք անի ներդրում անել:

-Այո, եթե դու չես երաշխավորում, այդ ուղղությամբ կոչ կհնչեցնե՞ս: Պարզ է, չէ՞, որ եթե կորուստների հավանականություն կա, այդպիսի պրոցեսը չես երաշխավորի։ Ի զորու ես երաշխավորել այն պարագայում, երբ բոլոր ռիսկերը չեզոքացնում ես, իսկ մենք չունենք անհրաժեշտ ձայներ այդ ռիսկերը չեզոքացնելու համար: