Ալբերտ Էյնշտեյնի նամակն աճուրդում վաճառվել է 54 հազար դոլարով

15:58 • 05.04.17

Հրեա ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որը հասցեագրված էր ֆիզիկայի դասախոս Արթուր Քոնվերսին, աճուրդում վաճառվել է 53.503 դոլարով, հայտնում է Washington Times-ը՝ մանրամասնելով, որ նմուշի նախնական գինը 15.000 դոլար էր: 


Աճուրդի ներկայացուցչի խոսքով` նամակը երկար տարիներ պահպանվել է Քոնվերսի ընտանիքում: Նամակն իրենից ներկայացնում է Քոնվերսի հարցերի պատասխանները, և դրա տեքստից կարելի է եզրակացնել, որ այն վերաբերել է հարաբերականության տեսությանը և փորձարկումների անցկացմանը:

Մասնավորապես, հիշատակվում է այն մասին, որ փորձարկման արդյունքները կարելի է բացատրել էլեկտրաստատիկ տեսության միջոցով, սակայն փորձարկումների էությունը չի բացահայտվում: Հնարավոր է` փորձարկումը ոչ թե իրական, այլ մտովի է եղել:

Նշվում է, որ Քոնվերսի հարցերը տպված են գրամեքենայի միջոցով, իսկ Էյնշտեյնի պատասխանները` գրված են ձեռքով: Նամակը նաև մի քանի դիագրամ է պարունակում:


Աղբյուրը հավելում է, որ գնորդի ինքնությունը չի բացահայտվել: