Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել

15:57 • 05.04.17

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Վան Ին ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշել է, որ հայ-չինական հարաբերությունները նույնքան հին են, որքան մեր ժողովուրդների պատմությունը և որ դրանք մշտապես առանձնացել են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Ավանդական այս հարուստ հիմքի վրա է խարսխվում նաև մեր միջպետական համագործակցությունը, որը քառորդ դարի ընթացքում շարունակաբար ընդլայնվել է` բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ արձանագրելով ամենատարբեր ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում և տարածաշրջանային ու միջազգային կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ ձևավորված փոխըմբռնումը:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունները կարևոր դեր ունեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունների կատարմանը նպաստելու գործում:

Նախարարը նշել է, որ հայ-չինական հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու ենք հնարավորինս ընդլայնել` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր:

Վան Ին իր ուղերձում նշել է, որ 25 տարվա ընթացքում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր չին-հայկական հարաբերությունները առողջ և կայուն զարգացում են ապրել:

Չինաստանի ԱԳ նախարարը շեշտել է, որ շարունակաբար ամրապնդվում է երկու պետությունների միջև քաղաքական փոխադարձ վստահությունը, էական արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, հումանիտար կապերի և այլ ոլորտներում համագործակցության մեջ, սերտ կապեր և փոխգործակցություն է պահպանվում միջազգային և տարածաշրջանային հարցերում:

Նախարար Ին ընդգծել է, որ չինական կողմը մեծ նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և դիտարկում է Հայաստանը որպես համագործակցության կարևոր գործընկեր:

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ պատրաստ է Հայաստանի արտգործնախարարի հետ գործադրել համատեղ ջանքեր՝ ամրապնդելու երկու պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը և դրանով իսկ առաջ մղել երկկողմ հարաբերությունները դեպի զարգացման նոր մակարդակ: