Պետերբուրգում ձերբակալվել են ԻՊ-ի ենթադրյալ հավաքագրողներ
Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Միջին Ասիայի հանրապետությունների վեց քաղաքացի, որոնք կասկածվում են «Ջեբհատ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումների շարքերը մարդկանց հավաքագրելու համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քննիչները կարծում են, որ կասկածյալները 2015 թվականի նոյեմբերից Պետերբուրգում հավաքագրել են «մեծամասամբ Միջին Ասիայի հանրապետությունների քաղաքացիների» ահաբեկչական հանցագործությունների իրականացման գործողություններում և խմբավորումների գործունեությանը ներգրավելու նպատակով:
Քննությունը դեռևս չունի տեղեկություններ Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության իրականացնողի հետ ձերբակալվածների կապի կամ ծանոթության մասին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում ապրիլի 3-ին պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը:










