Ռուսաստանում երեխաներին ցանկանում են արգելել օգտվել սոցցանցերից. ԶԼՄ-ներ
ՌԴ Լենինգրադի շրջանի օրենսդիր ժողովը մշակել է «Սոցիալական ցանցերի գործունեության իրավական կարգավորման» մասին օրինագիծ, որը ենթադրում է օգտատերերի գրանցման խիստ կարգ, գրում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթի տեքստը:
Սոցցանցերում գրանցվելիս օգտատերերը ստիպված կլինեն ներկայացնել անձնագրային տվյալներ: Մինչև 14 տարեկան երեխաներին սոցիալական ցանցերի մուտքն ընդհանրապես կարգելվի:
Փաստաթղթի համաձայն՝ եթե ծառայության սեփականատերը գրանցվելիս չստուգի ռուս կամ օտարերկրացի քաղաքացիների անձնագրային տվյալները, նրան կարող են տուգանել 100 հազարից մինչև 300 հազար ռուբլի: Եթե օգտատերը չհայտնի տվյալների փոփոխության մասին կամ դիտավորյալ կերպով սխալ տեղեկություն հայտնի, նրան կսպառնա մեկից երեք հազար ռուբլի տուգանք:
Նշվում է, որ սոցցանցում թույլ կտրվի ստեղծել միայն մեկ էջ և միայն իրական անուն-ազգանունով: Հակառակ դեպքում նախատեսված է տուգանք, կայքի սեփականատիրոջը՝ մինչև 300 հազար ռուբլի, օգտատիրոջը՝ մինչև հինգ հազար ռուբլի:
Բացի այդ, 18 տարեկանից ցածր անձանց կարգելվի մտնել խմբեր, որտեղ տեղադրված է երեխաների համար արգելված տեղեկատվություն: Հակառակ դեպքում ծնողները ստիպված կլինեն վճարել մինչև երկու հազար ռուբլի տուգանք:










