Թրամփն Օբամային է մեղադրել Սիրիայում տեղի ունեցած քիմիական հարձակման համար
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է երեկ սիրիական Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակմանը, որի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ՝ այդ թվում նաև երեխաներ:
Ինչպես նշում է The Guardian-ը, Թրամփը տեղի ունեցածի համար մեղադրել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա վարած արտաքին քաղաքականությունը, որի անմիջական հետևանքը, ըստ Թրամփի, եղավ երեկվա հարձակումը:
«Բաշար ալ Ասադի ռեժիմի կողմից իրագործված նողկալի հարձակումը նախորդ վարչակազմի ցուցաբերած թուլության և անվճռականության հետևանքն է: Նախագահ Օբաման 2012թ. հայտարարեց, որ այսպես կոչված «կարմիր գիծ» կսահմանի քիմիական զենքի կիրառման դեմ, սակայն իրականում նման բան չարեց»,-ասել է Թրամփը:
Ավելի ուշ ստացվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունը, որում պաշտոնյան կոչ է արել Ռուսաստանին ու Իրանին օգտագործել Սիրիայի կառավարության նկատմամբ ունեցած ազդեցությունն ու երաշխավորել, որ ապագայում այլևս երբեք նման սարսափելի հարձակում տեղի չի ունենա:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, թունավոր գազով հարձակման հետևանքով Իդլիբ նահանգում առնվազն 100 մարդ է զոհվել: Մինչդեռ քիմիական հարձակման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 400-ը:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող հատվածում: Նշվում է, որ բնակիչները մահացել են թունավոր գազից խեղդվելու պատճառով:












