Աջափնյակում ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին լսել է հորդորներն ու հրաժարվել ինքնահրկիզվելու մտքից (թարմացվում է, տեսանյութ)

18:03 • 06.04.17

20.25

 

Աջափնյակում ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին լսել է հորդորներն ու հրաժարվել ինքնահրկիզվելու մտքից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա եղբայրը:

Հարցին, թե ինչ-որ երաշխիքներ տրվել են, որ պարիսպը չեն քանդի, Ռ.Ղ.-ի եղբայրն ասաց.

«Ոչ, չնայած նա պահանջում էր քաղաքապետին կամ թաղապետ Արտավազդ Սարգսյանի գրավոր երաշխիքը, բայց նրան ոչ ոք չայցելեց: Մենք խնդրեցինք, համոզեցինք, որ նա հրաժարվի այդ մտքից: Եղբորս տուն տարանք»:

19.30

Աջափնյակի բնակիչ Ռ.Ղ-ն շարունակում է սպառնալ, որ կինքնահրկիզվի:

Նա պահանջում է, որ իրեն այցելի Երևանի քաղաքապետը.


«Եղբայրս պահանջում է, որ դեպքի վայր գա Երևանի քաղաքապետը, կամ գոնե Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը գա և ստորագրի, որ տան դիմացի կառուցված պարիսպը անօրինական չէ և չի քանդվում»,-ասաց Ռ.Ղ.-ի եղբայրը՝ հավելելով, որ դեպքի վայրում են շարունակում մնալ ոստիկանները:

___________________________________

18։34


Աջափնյակի բնակի Ռ.Ղ-ն շարունակում է սպառնալ, որ կինքնահրկիզվի: «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակցիները, սակայն եղբայրս հորդորներին չի տրվում»,-ասաց Ռ.Ղ.-ի եղբայրը:

----------------------------------------------------------

Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Ռ.Ղ-ն սպառնում է ինքնահրկիզվել: Նա բարձրացել է տան դիմացի պարսպին։

Բնակչի կինը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ամուսինն այս կերպ փորձում է թույլ չտալ, որպեսզի տան դիմացի կառուցված պարիսպը քանդեն: Ըստ նրա՝ նախկինում պատնեշի փոխարեն ուղղակի ցանկապատ է եղել:

Տղամարդը Tert.am-ին հորդորեց մոտ չգալ, թե չէ  կինքնահրկիզվի. «Թող ոչ ոք ինձ մոտ չգա, թե չէ պաժառ կտամ ինձ, ես ուզում եմ տեսնել միայն Տարոն Մարգարյանին»,-ասաց նա: 

Հարևանները վստահեցնում են, որ պարիսպն անօրինական համարել չի կարելի, որովհետև նախկինում այնտեղ ցանկապատ է եղել, հիմա տան բակը պարսպապատել են, որպեսզի երեխաների համար անվտանգ լինի:  

Այս պահին թեև ոչ ոստիկանության, ոչ համայնքապետարանի ներկայացուցիչներ չկան, բայց բնակիչների խոսքով մի քանի անձինք եկել, մոտեցել են, պարզելու պատճառը, հետո հեռացել են:

Ոչ ոքի չի հաջողվում համոզել նրան, որպեսզի պարսպից ցած իջնի: