ՀՀԿ-ի հետ որևիցե դաշինք կամ կոալիցիա բացառվում է. «Ելք» դաշինքի անդամ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը, ով խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքից առաջադրված թեկնածու էր, անհնարին է համարում ՀՀԿ-«Ելք» կոալիցիան:
«Մեկնաբանելու կարելի էլ չկա, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ ՀՀԿ-ի հետ որևիցե դաշինք կամ կոալիցիա բացառվում է, և որևիցե մեկնաբանություն անիմաստ եմ համարում»,-ասաց նա:
Նշենք, որ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիների շահերից է բխում ՀՀԿ-«Ելք» կոալիցիան: «ՀՀԿ-«Ելք» կոալիցիան կլինի քաղաքական, այն էապես կմեծացնի Հայաստանի Հանրապետության հնարավորությունները` դիմակայելու անխուսափելի մարտահրավերներին: Դա է այս պահին բխում մեր պետության ու քաղաքացիների շահերից»,-նշել էր նա:
Դիտարկմանը, թե օրակարգում քննարկման թեմա՞ էլ չէ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ «երբեք», նշելով, որ Դավիթ Շահնազարյանին պետք հարցնել, թե ինչու է նման հարց բարձրացնում՝ լավ իմանալով «Ելք»-ի դիրքորոշումը:
Անդրադառնալով Շահնազարյանի պնդմանը, թե նման համագործակցությունը Արցախի շահերից կբխի, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք այդպես չեն գտնում:










