ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պահանջել են Սիրիայում քիմիական հարձակում իրականացրած օդաչուի անունը (լուսանկարներ)

14:23 • 06.04.17

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները պահանջել են այն օդաչուի անունը, որն օրեր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգի՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հատվածում քիմիական հարձակում է իրագործել:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այդ պահանջը ներառված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված բանաձևում, որը կոչ է անում հետաքննել քիմիական հարձակումն ու պարզել տեղի ունեցածի պատասխանատուներին:

Աղբյուրը մանրամասնում է, որ երեքշաբթի առավոտյան տեղի ունեցած քիմիական հարձակումից առավելապես տուժել է Խան Շեյխուն փոքր քաղաքը, որտեղ գրանցվել է 72 զոհ: 

Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: Նշվում է, որ դրանում եղած օդաչուի ինքնությունը դեռևս հաստատված չէ:

Հիշեցնենք, որ Արևմուտքն արդեն դատապարտել է Իդլիբում տեղի ունեցածը՝ դրա համար մեղադրելով  Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:

 

Image result for Syrian chemical attack

Image result for Syrian chemical attack

Image result for Syrian chemical attack